ԽՄԱԾ ՄԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ /Հայ ժողորվրդական հեքիաթ
Մի գիժ մուկ վախից փախչում է մառան, ելնում նստում գինու կարասի պռնկին, հոտ է քաշում՝ թե չէ, քեֆը լավանում է, ընկնում է կարասը: Խեղճ մուկը, խեղդվելով, աղաչում է Աստծուն.
– Աստվա՛ծ ջան, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր: Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի խեղդվե՞մ: Ուրեմն ես մի կատվի բաժին էլ չարժե՞մ: Լավ չէ՞ր՝ կատուն ինձ ուտեր, քան թե անտեղի կորչեի էս կարասի մեջ:
Էդ ասելն էր, որտեղից-որտեղ մի չալ կատու է հայտնվում ու կարասի պռնկից ձայն տալիս.– Հիմա որ քեզ կարասից հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ:
— Ո՞ւր է, է՜: Էդպիսի մի լավություն արա, լավությանդ տակից դուրս կգամ:
Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ չորանա: Մուկ դու մուկ, պո՛ւկ, փախչում է, մտնում ծակը: Կատուն վիզը ծռում է, նայում, նայւմ ու ասում.
– Բա ի՞նչ եղավ մեր սուրբ պայմանը:
— Դու էլ բան ասիր, խմած ժամանակ մի բան էր՝ ասինք, կրակն ընկա՞նք:
Առաջադրանքներ
1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2.Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:
մոտենալ-
հանել-
չուտել-
թրջվել-
3.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:
Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի__________________ :
Հիմա որ քեզ _________________ հանեմ, կթողնե՞ս քեզ __________________ :
Կատուն թաթը _________________ է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ ____________:
4.Ի՞նչ կլիներ, եթե կատուն ընկներ գինով լի կարասի մեջ: Փորձի՛ր փոքրիկ պատում հորինել:
- Posted in: 3-րդ դասարան ♦ 3-րդ դասարանի առաջադրանքներ 2020-2021